Պարադոքս կարող է թվալ, սակայն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսն» առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակն ու դրա համար երկրի գործող չեմպիոնից պահանջվեց ամբողջ քսանհինգ տուր, «Արսենալը» կրկին հավաստում է իր չեմպիոնական հավակնություններն ու դա անում է առաջատարի հետ սկզբունքային մրցակցությունում, «Բարսելոնը» «Սելտայի» հետ դիմակայությունում շքեղ մենահամերգ է տալիս, իսկ Մեսին կերտում է իր հերթական գլուխգործոցը՝ ապացուցելով, որ փոխանցումներից էլ կարելի է գերագույն հաճույք ստանալ։ Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հետ խաղին ընդառաջ «Պարի Սեն Ժերմենը» հանգստանալու հնարավորություն է տալիս առաջատարներից մի քանիսին ու միավորներ կորցնում: Իսկ ընդհանրապես պիտի նկատել, որ նույն Չեմպիոնների լիգայում հանդիպումներ ունեցող ոչ բոլոր թիմերի մարզիչներն էին փարիզյան ակումբի գլխավորի պես պրագմատիկ: Գուցե սա ինչ-որ տեղ հիշեցնում է «նաղդի» ու «նիսյայի» պատմությունը, բայց, բոլոր դեպքերում, իրենց ավելի տեսանելի է իրենց անելիքը:
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի քսանհինգերորդ տուրի «Յուվենտուս»-«Նապոլի» մրցակցությունը, առանց չափազանցության կաթիլի, եվրոպական գրանդ տերությունների օրվա թիվ մեկ հանդիպումն էր: Վերջին շրջանում աղյուսակը վստահորեն գլխավորող «Նապոլին», ենթադրվում էր, «ծեր սինյորային» առնականության դաս պիտի որ կարողանա տալ, որքան էլ որ դիմակայությունը մրցակցի հարկի տակ էր: Այս հանդիպումը կարող էր ցանկացած մեկի հաղթանակով ավարտվել, սակայն առավել տրամաբանականը ոչ-ոքին էր: Այդպես էլ ամեն ինչ գլորվում էր դեպի խաղավարտ, մինչև որ եղավ յուվենտուսյան պայթյունը: Սիմեոնե Ձաձան «ձյաձյավարի» լուծեց ամեն ինչ՝ իր թիմին բերելով հաղթանակ (1:0)՝ բարձրացնելով աղյուսակի առաջին հորիզոնական:
Հանգուցային նշանակության դիմակայություն էր սպասվում և «Ֆիորենտինա»-«Ինտեր» մրցակցությունում, թիմեր, որոնք մինչ «Ռոմայի» հաղթանակը (3։1 հաշվով պարտության է մատնել «Կարպիին») երրորդ-չորրորդ հորիզոնականում էին: Խաղասկիզբը խոստումնալից էր հյուրերի համար, սակայն «մանուշակագույններն» իրենց մեջ ուժ գտան ոչ միայն հաշիվը հավասարեցնելու, այլև հաղթանակ կորզելու (2:1): «Յուվենտուսն» ունի 57, «Նապոլին»՝ 56, «Ֆիորենտինան»՝ 49 միավոր:
ԱՆԳԼԻԱ
Հանդիպման վերջին վայրկյաններին Դենի ՈՒելբեկի գոլը հաղթական եղավ «Արսենալի» համար՝ 2:1: Այո, «Լեստերը» պարտվեց, սակայն հանուն ճշմարտության պիտի ասել, որ այդ պարտության մեջ էական եղավ Վենգերի սաների ամբողջ քառասուն րոպե ունեցած թվային գերազանցությունը: Իսկ խաղը պարզապես փառահեղ էր, ու անգլիացիներին հիրավի պիտի նախանձել նման առաջնություն, նման ակումբներ ունենալու համար: Այդուհանդերձ, Ռանիերիի սաներն առաջին հորիզոնականը չզիջեցին, քանի որ մինչ այս խաղը մերձակա հետապնդողների նկատմամբ ունեին հինգ միավորի առավելություն: Մյուս կողմից էլ նկատենք, որ «Արսենալի» հաղթանակը թիմին վերադարձրեց չեմպիոնական մրցավազք, ինչն առավել սուր է դարձնում առաջնության ինտրիգը:
Պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում և «Մանչեստր Սիթի»-«Տոտենհեմ» դիմակայությունը ու ոչ միայն նրա համար, որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր լոնդոնցիների հաղթանակով: Ինչպես գիտեք, երկուսն էլ ներգրավված են առաջնության ոսկու համար պայքարում: «Տոտենհեմն» այս անգամ էլ անգերազանցելի մնաց՝ 2:1 ու միավորներով՝ (53) հավասարվեց «Արսենալին»՝ երկրորդ հորիզոնականը վերջինիս զիջելով զուտ լրացուցիչ գործակիցներով:
Իր վայրիվերումներով «Մանչեստր Յունայթեդը» վաղուց դադարել է ֆուտբոլասերին զարմացնելուց: Նման խաղի դեպքում միանգամայն օրինաչափ կարելի է դիտարկել առաջնության հետնապահ «Սանդրլենդից» կրած պարտությունը՝ 1:2, որը, հավատարիմ իր «սև կատուներ» անվանը, կտրեց մանկունիացիների ճանապարհը նրանց համար ոչ հաճելի հետևանքներով ու օրախնդիր դարձրեց Լուի վան Գալից օր առաջ ազատվելու հրամայականը: Փոխարենն իրենց երկրպագուներին ուրախացրին «ազնվականները»՝ նվազագույն շանս իսկ չթողնելով «Նյուքասլին»՝ 5:1: Կարծես թե Գուս Հիդինկը կենդանության նշաններ է հաղորդում «Չելսիին»: Գոլառատ մի հանդիպում էլ հանդիսատեսին նվիրեց «Լիվերպուլը»՝ հյուրընկալվելիս վեց անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի առաջատար եռյակը հավատարիմ մնաց որդեգրած սկզբունքին՝ հաղթական ավարտելով հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» 4:2 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ, «Խետաֆեի» հետ արտագնայում «Աթլետիկոն» անհամեմատ համեստ էր՝ 1:0, իսկ «Բարսելոնը»… «Բարսելոնը»՝ ի՞նչ, հերթական խելահեղ խաղը ցույց տվեց, ու պիտի զուտ մարդկայնորեն ցավակցել «Սելտային» 1։6 հաշվով կրած պարտության համար, թեպետ վերջինս մրցաշրջանի առաջին կեսում պակաս վիրավորանք չէր հասցրել բարսելոնցիներին՝ 4:1:
Ինչպես միշտ, իր կոսմիկական բարձրության վրա էր ֆուտբոլային «կախարդը», ում չի կարելի համեմատել անցյալի ու ներկայի և ոչ մի գերաստղի հետ, քանզի այդ համեմատությունը իմաստազուրկ է լինելու: Այսպես ասելը կույր սիրո արտահայտություն չէ, ինչպես կարող է թվալ ոմանց, եթե այդպիսիք, իհարկե, կան: Ինչ վերաբերում է Մեսիի իրացրած տասնմեկմետրանոցին, դա միանգամայն ուրիշ պատմություն է, ու թող ներեն ջահելները, այդ հներս կարող ենք հիշել նման կատարում՝ ի դեմս լեգենդար Յոհան Կրուիֆի: Տասնմեկմետրանոցից փոխանցում կատարելով՝ Լիոնել Մեսին Սուարեսին հնարավորություն տվեց դառնալու հեթ տրիկի հեղինակ ու միանձնյա գլխավորելու լա լիգայի ռմբարկուների աղյուսակը: Ինչևէ, գտեք, անպայման գտեք խաղի տեսագրությունն ու վայելեք ֆուտբոլային այդ գլուխգործոցը: Այս հաղթանակից հետո կատալոնցիները շարունակում են մնալ իրենց տեղում, բայց այս անգամ արդեն 57 միավորով, 54 ու 53 միավոր ունեն մադրիդյան երկու ակումբները՝ «Աթլետիկոն» ու «արքայականը»:
ԳԵՐՄԱՆԻԱ
Շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի փայլուն գոլի, Դորտմունդի «Բորուսիան» դժվարին հաղթանակ տարավ «Հանովերի» նկատմամբ (1:0), որը գերագույն ջանքեր է գործադրում աղյուսակի հետնապահի անպատվաբեր «կոչումից» ազատվելու համար: «Դարմշտադտի» նկատմամբ հաղթանակը (2:1) «Բայերին» օգնեց ձեռք գցելու երրորդ հորիզոնականը (35 միավոր), քանի որ «Հերտան» արտագնայում պարտություն կրեց «Շտուտգարդից»՝ 0:2: Ինչ վերաբերում է «Բավարիային», «Աուգսբուրգը» նրա համար հեշտ մրցակից էր անգամ հյուրընկալողի դերում՝ 3:1: Մյունխենցիները 56 միավորով առաջին հորիզոնականում են, 48 միավորով նրանց հաջորդում են դորտմունդցիները:
ՖՐԱՆՍԻԱ
Վերջին շրջանի հաղթանակների տպավորիչ ֆոնի վրա (դրանք տասնվեցն են՝ ներառյալ մյուս մրցաշարերին մասնակցությունը) «Լիլի» հետ դիմակայությունում հարկ եղածից ավելի հարգալից եղավ «Պարի Սեն Ժերմենը»՝ սեփական հարկի տակ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 0:0: Հանուն ճշմարտության ասենք, որ Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հետ հանդիպումից առաջ Բլանը հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի մի շարք առաջատարների: Ոչ-ոքի արդյունք (1:1) արձանագրվեց նաև երրորդ ու երկրորդ հորիզոնականներում գտնվող «Սենտ Էտիենի» ու «Մոնակոյի» մրցավեճում: «Պարի Սեն Ժերմենն» ունի 70, «Մոնակոն»՝ 46, «Սենտ Էտիենը»՝ 40 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ